Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Խոդորկովսկին ներման դիմում է գրել մոր հիվանդության պատճառով

Խոդորկովսկին ներման դիմում է գրել մոր հիվանդության պատճառով
20.12.2013 | 12:53

Երեկ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ասուլիսի ընթացքում հայտարարել է, թե Միխայիլ Խոդորկովսկին շուտով ազատ կարձակվի: Ըստ պաշտոնական տեղեկատվության` ՅՈՒԿՕՍ-ի նախկին ղեկավարը Պուտինին դիմել է ներում շնորհելու մասին: Այս պահին Սեժեգա քաղաքի գաղութը, ուր գտնվում է Խոդրոկովսկին, դեռևս նրան ազատ արձակելու վերաբերյալ փաստաթղթեր չի ստացել: Ռուսական mail.ru կայքը նշում է, որ ներում շնորհելու մասին դիմումը ենթադրում է բոլոր դատական ակտերի օրինականության ճանաչում և ազատ արձակվելուց հետո Խոդորկովսկին ամբողջովին տանուլ կտա ՅՈՒԿՕՍ-ի ունեցվածքի համար պայքարը, որը նա կկարողանար սկսել արտասահմանից: Թե ինչու է հիմա ծագել Միխայիլ Խոդորկովսկուն ազատ արձակելու միտքը, Պուտինը հայտարարել է, որ Խոդորկովսկին կրել է իր նկատմամբ սահմանված պատժի ժամկետի մեծ մասը և, բացի այդ, ծանր հիվանդ է նրա մայրը: Խոդորկովսկու մայրն ասել է, թե որդու որոշման մասին իմացել է ԶԼՄ-ներից: Նա տեղյակ չէ` արդյոք որդին այդ դիմումը գրել է ինքակամ, թե ինչ-որ մեկի թելադրմամբ: Ասել է նաև, որ ինքը և ամուսինը ծանր հիվանդ են: Կայքը տեղեկացնում է, որ Խոդորկովսկու հետ վերջերս զրուցել են հատուկ ծառայությունների աշխատակիցները, ովքեր նրան պատմել են քաղցկեղով տառապող մոր վիճակի և մոտ ժամանակներս հարուցվելիք նոր քրեական գործի մասին: Ասվում է, որ զրույցն ընթացել է առանց փաստաբանների և ենթադրվում, որ այն պատճառ է դարձել Պուտինին հղված Խոդորկովսկու դիմումի:

Հարցն այն է, որ Միխայիլ Խոդորկովսկու ազատազրկման ժամկետը լրանում է 2014-ի օգոստոսին, մնացել է ութ ամիս, սակայն այժմ և սրանից առաջ էլ խոսվում էր այն մասին, որ իշխանությունը մի բան կհորինի նրան կրկին ճաղերից այն կողմ պահելու համար: Երեկ Պուտինն ասել է, թե ՅՈՒԿՕՍԻ-ի առնչությամբ երրորդ գործը բացելու հեռանկար չի տեսնում: Նկատենք, որ եթե երկրի նախագահը նման հայտարարություն է անում, նշանակում է նա անուղղակիորեն խոստովանում է իր անմիջական մասնակցությունը մարդու ազատազրկման հարցում: Նշենք, որ Մոսկվայի Հելսինկյան խմբի ղեկավար Լյուդմիլա Ալեքսեևան հայտարարել է, թե ուրախ կլինի աշխատել Խոդորկովսկու հետ և վերջինիս հրավիրում է Հելսինկյան խումբ:

Կարինե ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Հ.Գ. Նյութը պատրաստ էր, երբ ԶԼՄ-ներում հայտնվեց Պուտինի` Խոդորկովսկուն ներում շնորհելու մասին հրամանի լուրը: Այն ուժի մեջ կմտնի հրապարակման օրվանից: Սա նշանակում է, որ Խոդորկովսկին 10 տարի ազատազրկման վայրում անցկացնելուց հետո շուտով կշնչի ազատության օդը և Նոր տարին կդիմավորի հիվանդ ծնողների հետ:

Դիտվել է՝ 2836

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ